ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               

Ներկայիս «խաղաղության դարաշրջանն» ու Հայ եկեղեցու վերջին Սուրբը

Ներկայիս «խաղաղության դարաշրջանն» ու Հայ եկեղեցու վերջին Սուրբը
28.08.2023 | 07:49

Այս իշխանության արատավոր աշխարհայացքն ունի շատ հին արմատներ, որի անատոմիան հասկանալն այսօր չափազանց կարևոր է: Սկզբի համար ստիպված ենք խորանալ պարտության մեջ:

Ինչու էր պետք եկեղեցու «սրբերի ինստիտուտը»

Մինչև 18-րդ դարը արժեքային համակագը, որի հիման վրա մարդիկ միջանձնային հարաբերություններն էին կարգավորում (պատվիրանները հենց դրա մասին են), որոնում գոյության իմաստը, սոցիալական ու պետական ինստիտուտներ կայացնում, հիմնավորվում էր քրիստոնեական ուսմունքի միջոցով:

Քրիստոնեությունը ձևավորում էր աշխարհայացք, աշխարհընկալում, պետական կարգ, միջանձնային հարաբերություններ, որոնց վրա առաջանում էին ազգերի քաղաքական հոսանքները:

Ցանկացած նոր միտք, նոր մոտեցում պետք է հիմնավորվեր Աստվածաշնչով: Երբ նոր մարտահրավերների ժամանակ Աստվածաշնչում պատասխաններ չէին գտնվում, առաջանում էր պահանջ նոր որոշումներ ընդունելու համար: Եթե Աստվածաշունչը հիմնվում էր Աստծո հեղինակության վրա և ընդունվում էր առանց քննարկման ու քննադատության, որպես Բարձրագույն հեղինակություն, ապա նոր մարտահրավերների դեպքում «նոր պատասխանները» նույնպես պետք է Աստծո կողմից «սանկցավորվեին»:

Եվ ահա, Աստծո ու մարդկանց միջև «հաղորդակցության բաց խողովակի» անհրաժեշտություն է առաջանում, որի դերը կատարում էին Սրբերը: Սրբերը լուծում պահանջող հարցի մասին մարդկանց Աստծո «մեսիջներն» էին փոխանցում և, որպես դրա ապացույց, տեղի էր ունենում Հրաշք: Հրաշքը ճանաչելով՝ Եկեղեցին Աստծո Նոր Ուղերձը կանոնացնում էր, իսկ «Աստծո Սուրհանդակին» ճանաչում էր Սուրբ:

Այսպիսով, սրբերի ինստիտուտի միջոցով եկեղեցիներն իրենց ուսմունքների մեջ շտկումներ են կատարում, դրանով թույլ չտալով, որ Քրիստոնեությունը մնա որպես մահացած ու քարացած ուսմունք և նոր մարտահրավերներին կարողանա արձագանքել: Սրբերի առկայությունն է թույլ տալիս եկեղեցիներին չդառնալ դոգմատիկ ու արխաիկ կառույց:

Բողոքականների մերժումը սրբերին

Այստեղ ես շատ չեմ ծավալվի, ուղղակի պետք է նշել, որ այսօրվա Արևմուտքում Քրիստոնեության վախճանը սկսվեց Ռեֆորմացիայից, երբ սկզբնական շրջանում Գերմանիայի իշխաններն ու Անգլիայի միապետը, Հռոմի եկեղեցուց ազատություն ստանալու համար, Պապին զրկեցին աշխարհայացքի «օրենսդրի» կարգավիճակից, դրա համար հրահրելով աստվածաբանական վեճ: Մերժեցին եկեղեցու ինստիտուտը որպես այդպիսին, բռնագրավեցին կալվածքներ, զրկեցին կրթության ասպարեզում մենաշնորհը և, բնականաբար, մերժեցին Սրբերին՝ որպես Աստծո ու մարդկանց միջև միջնորդ, թողնելով միայն Աստվածաշունչը: Բողոքական շարժումով սկսվեց նոր, աշխարհիկ ժամանակաշրջանը:

Իրենց ուսմունքի հիմքում դրեցին կրոնական համայնքը և Աստծո ու անհատի միջև անձնական կապի հնարավորությունը (ինչին ցանկացած ոք կարող է հասնել իր հավատքով), որը արտահայտվում է անձնական ու խմբակային Գլոսոլալիայի ժամանակ (հոգևոր էքստազի ժամանակ անհասկանալի լեզուներով խոսելը, որը ցույց է տալիս, որ Սուրբ Հոգին է այցելել իրենց): Այսինքն, յուրաքանչյուրը կարող է սուրբ դառնալ՝ էքստազի վիճակում շփվելով Սուրբ Հոգու հետ: Խմբակային Գոլոսոլալիայի ժամանակ գործում է «Ձայն Աստծո, ձայն բազմաց» բանաձևը:

Պատահական չէ, որ ժամանակակից դեմոկրատական ինստիտուտները (համայնքներ ու համայնքապետարաններ, թաղեր ու թաղապետարաններ, ընտրությունների միջոցով իշխանության ձևավորում, այլ ոչ թե Աստծո կողմից միապետների նշանակում) հենց Ռեֆորմացիայի հետևանքով առաջացան: Մարդկանց ու Եկեղեցու միջև Աստծո միջնորդությունը մերժելով՝ սկսեց ծնվել ժամանակակից աշխարհիկ կարգը:

Ռեֆորմացիայի գաղափարները տրանսֆորմացվեցին ժամանակակից ժողովրդավարության, իսկ ներկա աշխարհում՝ արդեն ակնհայտ հակաքրիստոնեության. մերժվում են արդեն պատվիրանները, որովհետև ներկա աշխարհայացքում Եկեղեցին ոչ միայն կորցրել է իր դերն ու նշանակությունը, այլև հանդիսանում է մի ինստիտուտ, որն իր գոյությամբ կասկածի տակ է դնում գործող աշխարհակարգի լեգիտիմությունը:

Այնուամենայնիվ, Կաթոլիկ եկեղեցին շարունակում է Նոր Սրբերի, Եկեղեցու հայրերի ու Եկեղեցու Ուսուցիչների ինստիտուտների ավանդույթը, այսինքն, շարունակում է նրանց միջոցով կատարելագործել իր Ուսմունքը, ինչպես որ այն հասկանում է:

Հայերի վերջին Սրբի ուղերձը

Այս ամենը պետք էր ասել, որպեսզի կարողանանք հասկանալ հայկական իրականությունը:

Հայ Եկեղեցու վերջին Սուրբը Գրիգոր Տաթևացին է (1346-1409թթ.), նրանից հետո, պետք է հասկանալ, որ Եկեղեցին իր ուսմունքում որևէ նոր շտկումների ու նոր հայտնության կարիք չունի:

Քանի որ Հայ Եկեղեցին ազգային եկեղեցի է, ապա նրա հայտնություններն էլ ուղղված են ազգին: Զրկված լինելով պետականությունից, և Օսմանյան Թուրքիայում ու Պարսկաստանում գոյատևելով որպես կրոնական համայնք, Եկեղեցուն էր պատկանում ազգային աշխարհայացք ձևավորելու մենաշնորհը՝ մինչև 19-րդ դարը:

Այստեղ առաջանում է հարց. Ո՞րն էր Հայ Եկեղեցու վերջին պատգամը, որ դրանից հետո որևէ այլ «հայտնություն» Աստված Հայ Ժողովրդին չի ուղարկել, որը ճանաչվեր եկեղեցու կողմից:

14-15-րդ դարերից սկսվում է հայ ժողովրդի դաժանագույն ճգնաժամը, ոչ միայն փլուզվել էր Կիլիկյան Հայաստանը, այլևս որևէ աշխարհիկ իշխանության մասին խոսք չէր կարող լինել, ու հայերը պետք է որոշեին, թե ինչպես են գոյատևելու: Այ այստեղ առաջանում է «քրիստոնեասեր իշխանի» գաղափարը, որը ապագա հարյուրամյակներում պետք է դառնար հայերի գոյատևման բանաձև:

Առաջին հարցը, որը պետք է լուծվեր, դա հոգևոր կենտրոնի տեղակայման վայրն էր: Առաջանում է շարժում՝ այն Էջմիածին տեղափոխելու համար (մյուս թեկնածուն Ախթամարն էր):

Ապագա կաթողիկոսանիստը տնտեսապես ամրապնդելու նպատակով Սյունյաց իշխան Ռուստամ Օրբելյանը 1431-ին, վաճառքի անվան տակ, Էջմիածնի վանքին է նվիրում 7 գյուղ։ Ստանալով կարա-կոյունլու Ջհանշահի հավանությունը և նրա հանձնարարությամբ՝ Երևանի ամիրա Յաղուբ բեկի աջակցությունը՝ Հովհաննես Հերմոնեցին և Թովմա Մեծոփեցին 1439-ից սկսում են նախապատրաստել Վաղարշապատի ժողովը։

Օսմանցիների հետ հակադրության մեջ գտնվող կարա-կոյունլուները ցանկանում էին իրենց տարածքում ունենալ հայկական զանգվածի հոգևոր կենտրոնը, բնականաբար, քաղաքական նպատակներով: 1440-ի վերջին Սսի կաթողիկոսարանից անհայտանում է Լուսավորչի Աջը, ինչը հեշտացնում է կաթողիկոսական աթոռի տեղափոխության հարցը (Հայ եկեղեցու ավանդական կանոնադրությամբ կաթողիկոսարանում պարտադիր է սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի առկայությունը, որը համարվում է կաթողիկոսական աստիճանի խորհրդանիշը, և որի զորությամբ են տրվում օրհնություններն ու կատարվում օծումները)։

1441-ի սկզբին Հովհաննես Հերմոնեցին, Էջմիածնում կայանալիք ժողովին մասնակցելու համար, շրջաբերական հրավիրագրեր է հղել հոգևոր-եկեղեցական, հասարակական-քաղաքական ու մշակույթի նշանավոր գործիչներին։ Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովը նշանակված էր սուրբ Զատկից (1441-ի ապրիլի 16-ից) հետո։ Մայիսի սկզբին մասնակիցները հավաքվում են Երևանում և մեծ շուքով մեկնում Վաղարշապատ։

1453-ին օսմանցիները գրավում են Կոստանդնուպոլիսը, որից հետո այնտեղ ստեղծվում է Հայ պատրիարքություն: Պատրիարքն ու կաթողիկոսը տարբեր քաղաքական նախագծերի հետևանք են հանդիսանում, մեկը՝ օսմանյան, մյուսը՝ կարա-կոյունլուների:

Պետք է նշել, որ այդ ժամանակ հայերի շրջանում մեծ թափով դավանափոխություն էր ընթանում: Ակտիվ էին կաթոլիկներն ու ուղղափառները և, ինչն է հետաքրքիր, դրանում շահագրգռված չէին ո՛չ կարակոյունլուները, և ո՛չ էլ օսմանցիները:

Քայլը կատարվում է, մնում է հայերի գոյապահպանման գաղափարախոսությունը հիմնավորել:

Ահա այդ հարցն է, որը մեզ ամենաշատն է հետաքրքրում. Ո՞րն էր հայերի վերջին սրբի հայտնությունը՝ ուղղված մեզ ու կանոնացված եկեղեցու կողմից, որը ձևավորեց այն գաղափարախոսությունը, որը մինչ օրս խոր արմատացած է Հայաստանում՝ քաղաքական հոսանքի տեսքով:

Էջմիածնական գաղափարը կարելի է սահմանել որպես իսլամական իշխանության պայմաններում ազգային գոյապահպանություն, մի եզր, որը մինչև հիմա օգտագործվում է պահպանողական դիսկուրսում և օգտագործվում է առանց քննադատության: Պարզ է, Աստված հայ ժողովրդին տանջանքների միջոցով փորձության է ենթարկում, սակայն մյուս՝ Երկնային կյանքում, մենք կպարգևատրվենք:

Տաթևացին խոր և արժանավոր աստվածաբան էր, տեղյակ էր եվրոպական աստվածաբանական ու փիլիսոփայական մտքին, սակայն հայերի իրավիճակը դառն էր, և պետք էր գոյապահպանման բանաձև առաջ քաշել: Առաջին թեզը՝ պետք էր կրոնափոխությանն ընդիմանալ, երկրորդը՝ փրկությունը տեսնել «քրիստոնեասեր», բարի ու արդար օտար իշխանավորի հովանավորության մեջ: Գայապահպանումը հետագայում դառնում է հայերի քաղաքական մտածողության հիմնական թեզը։ 15-րդ դարից ի վեր, քրիստոնեասեր թագավոր որոնելու թեզից հետո, փաստորեն հայ ժողովուրդն այլ ուղերձ չի ստացել։

Ինչու է այսօր սա կարևոր

Հայերի մեջ միշտ իշխել է երկու քաղաքական հոսանք՝ պահպանողական, որի ուղերձն է հաշտվել իրականության հետ, ցանկացած եղանակով հասնել խաղաղության, ստանալ որևէ օտար, բայց «քրիստոնեասեր-հայասեր» իշխանի հովանավորություն ու հպատակվելով ապրել խաղաղության մեջ, այսինքն, «բացել խաղաղության դարաշրջան», և երկրորդ հոսանքը, որը ցանկանում է պայքարել՝ «ոչմիթիզականները»:

Այդ երկու հոսանքները կամ մտածողությունը միշտ էլ եղել են հայերի մոտ, եթե 1990-ական թվականներին հաղթել էր երկրորդ հոսանքը, ապա 2018-ին իշխանության է եկել պահպանողական, «ցանկացած եղանակով խաղաղության հասնելու» հոսանքը: Տվյալ դեպքում «հոսանքի» տակ պետք է հասկանալ դարերով ներծծված մտածողության կերպը:

Ստեփան Դանիելյան

«Կոնցեպտուալ հարթակ»

Դիտվել է՝ 3298

Մեկնաբանություններ